ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ոչ թե ապրվել, այլ ապրե՜լ եմ ուզում, ապրե՜լ…»

«Ոչ թե ապրվել, այլ ապրե՜լ եմ ուզում, ապրե՜լ…»
04.07.2024 | 12:55

Նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականի հուլիսի 4-ին Գյումրիում:

«Բառերն էնքա՜ն անարժեք ու թերաժեք են դարձել, որ դրանցից մարմինդ կարմրուկի ցանի պես դուրս է տալիս ու սկսում է երերալ տենդից»․ Մհեր ՄԿՐՏՉՅԱՆ

«Գիտեք` մեկ-մեկ լացելու չափ խնդալս է գալիս… բայց և ամբողջ կյանքում չկարողացա խնդալու չափ, մի կուշտ լացել…

Կյանքում ամենից շատ ապրել էի ուզում` չապրեցի, այլ` ապրվեցի՜… իսկ դուք աշխարհում ինչքան «մեծ» ու «ամենա» բառեր կային աղանձի պես շաղ տվեցիք գլխիս: Իզուր, ավելի ճիշտ կարկուտ էր, քան` աղանձ:

Բառե՜ր, բառե՜ր… բառերն էնքա՜ն անարժեք ու թերաժեք են դարձել, որ դրանցից մարմինդ կարմրուկի ցանի պես դուրս է տալիս ու սկսում է երերալ տենդից: Չնեղանաք` էդ անարժեք բառերը անձեռոցիկի չափ էլ չկան, որ մաքրես ձեռքերդ ու դեն նետես, հա´, նետես ու հետևից էլ չնայես: Ամենատիտղոսակիր էդ «հանճար» բառից մարմինս էնպե՜ս է փշաքաղվում, չասելու համար` խուտուտ է գալիս…: Այ´ մարդ, մարդու տաղանդի, հանճարի չափի-չափավորի չափագրումը, բացառապես, Աստծո գործն է, Նրա` կնիքը: Դա պե´տք է վաստակել, ոչ թե… Ախր դուք Աստծո գործերին ինչի՞ եք խառնվում: Սրտներդ չմնա` էդ տաղանդավոր, հանճարեղ, անկրկնելի հաճոյաշարան տիտղոսները էնպե՜ս կփոխեի թոնրից նոր-նոր հանած մի տաք լավաշի հետ… Հա´, հիմա չասեք` էս մարդը սոված է, լավաշին ա՜խ է անում: Դրանք` էդ բառերը, ոչ թե մարդուն ՄԱՐԴ են դարձնում, ոչ թե հագցնում-կապում, մարդամեջ են բերում, այլ փչացնո՜ւմ են, ճակատագիր են խեղում, չասելու համար` նրա հետ խաղում:

Խաղա՜լ, խաղա՜լ, ո՜նց եմ հոգնել ես էս բառից, էս խաղալուց, չխաղալուց, հասկանում եք, ամբողջ կյանքում կյանքն ինձ հետ խաղաց ու խաղում է մինչև հիմա, խաղում է, խաղո՜ւմ: Եվ նոր միայն` կյանքի էս կարճ կանգառում, հասկացա, որ ցմահ ազատազրկված է մարդը կյանքի քմայքներին, նրա գրած ու չգրած օրենքներին: Նրա խաղից պրծում չկա, մար´դ, իզուր տեղը մի´ թպրտա, մի´ զարնվի դես ու դեն:

ՈՒ թե հանկարծ, ու կամ էլ թե` սրտիդ վրա մի ցավ, հոգուդ` աններելի մի ծանրություն, մի սխալ էլ արած լինես կյանքում, կարճ ասած` կործանվեցիր. չմարած խարույկի պես անվերջ պիտի ծխա՜ս, ու թե մարդ ես գիտակից մինչ ի մահ կտառապես սրտիդ ցավից: Անօգուտ է մորմոքդ, քանզի որբի պատառի պես կգողացվի և վեհությունդ, և հպարտությունդ: ՈՒ թե ուշանա ապտակը կյանքի, հոգիդ քեզ կմատնի ինքնակեղեքումի: Որ հոգիդ էլ աշխարհի առաջ բացես`առ աղերս ամոքումի, մեկ է վերքդ մենակ քե´զ, քե´զ պիտի ցավ տա և ուրիշ ոչ ոքի:

Հասկանու´մ եք, կյանքը հոգնեց պայքարից, ինքը փոխվեց, ինձ չփոխեց` ես էս եմ, ինչ-որ կամ` աշխարհից ոչինչ չունեմ թաքցնելու:

Դե՞մքս, դեմքս չեմ շրջել, էդ կյանքն է, որ ինձանից երես է թեքել` գործած ու չգործած սխալիս համար և հիմա էլ ստիպում է հայացքս թեքել, որ աչքերիս մեջ իր ձոնած տառապանքի տողերը չկարդաք…

Էդ անխիղճը` կյանք ասվածն, ասում է` ապրի´ր, հորդորում է` ապրի´ր, հրամայում է` ապրի´ր…

Ես չէ, Դուք ասացեք` կես սրտով մարդը, ո՞նց, ո՞նց ապրի, որ չապրվի:

Էդպես լուրջ-լուրջ, որ նայում եք ինձ, է´հ, ամենքդ մի խիստ քննադատ, գիտուն, գիտակ, մի Սոկրատես, մի Հիպոկրատ, ի՞նչ է, մինչև հիմա չե՞ք հասկացել, էդ ո՞նց է, որ մարդը` ի´նձ նման մարդը, չի´ խելագարվել: Դու՞ք էլ եք զարմանում չխելագարվելուս վրա: Չխելագարվելու համար, հասկանում եք, չ-խ-ե-լ-ա-գ-ա-ր-վ-ե-լ-ու՜ համար կյանքը տվեց հնարավորություն, որպես վերջին ամենավերջին հնարավորություն` ապրվելով ապրելու հնարավորություն:

Ես ապրվել չեմ ուզում, հասկացե´ք, մա´րդ Աստծո…

Ապրել եմ ուզում, ապրել, բայց ոչ` ապրվել…

Արպրելու՜ հնարավորություն… էս անծիր աշխարհում, ուր խոսելու, խնդալու, լացելու, գոռալու, ցաված ու վիրավոր հոգիդ թեթևացնելու մի տեղ բա մարդ չունենա՞…

Կյանքն ինձ բերեց, հասցրեց բեմին ու ասաց` դե´ քեզ տեսնեմ…

Տեր Աստված ունեի. անտուն ու անտեր չէի, հասկանում եք` սեփական տանս պատերն էնքա՜ն սառն են, անհաղորդ ու անկարեկից, ու պատերն անգամ ճաք են տվել սիրո, ջերմության կարոտից…

Հիմա, երբ հորիզոնին խոնարհված մայրամուտից հետ-հետ եմ նայում, ամբողջ ճանապարհիս հերկված արտում կանգնած է Մարդը` Մարդն Անտեղիտալի, որ դեռ մորմոքում է ապրվելու ապրելուց…

Ոչ թե ապրվել, այլ ապրե՜լ եմ ուզում, ապրե՜լ…»:

Մհեր ՄԿՐՏՉՅԱՆ

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 13191

Մեկնաբանություններ